Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վաղը եղել է պատերազմ

Վաղը եղել է պատերազմ
04.03.2014 | 00:23

Հայաստանյան քաղաքական օրակարգը շաբաթ օրը «հոգեխանգարվեց» մարտի 1-ի միտինգով ու ՌԴ Պետդումայի որոշմամբ: Վերջինը «հոգեխանգարեց» ողջ աշխարհի անդորրը: ՈՒ դեռ կխանգարի:
Այո, խոսքը ռուսական զորքերը Ղրիմ մտցնելու Պետդումայի որոշման մասին է, որով աշխարհը ակամա կամ շատ մտածված հայտնվում է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին: Ակնհայտ է` Ռուսաստանը չի ցանկանում դա, սակայն ստիպված է ներքաշվել այնպիսի գործընթացների մեջ, որոնք «արքայազն Ֆերդինանդի» սինդրոմ ունեն իրենց խորքում: Եվ չնայած կողմերը «լավ տոնով» խոսում են իբր թե «սառը պատերազմից», որպեսզի շատ չլարեն իրավիճակը, ինքնին տեսանելի է, որ «սառը պատերազմը» մնացել է շատ հեռվում, և Սև ծովում երկուստեք շարժվող «հածանավերն» ամեն վայրկյան կարող են կայծ առաջացնել «շրջակայքում»:
Չարձանագրենք քրոնոլոգիան, սակայն ոնց երևում է, երկու կողմն էլ ոտքն արգելակին չի ցանկանում դնել. Օբաման, Ֆրանսիան, Բրիտանիան հրաժարվեցին Սոչիում հունիսին նախապատրաստվելիք G-8-ի աշխատանքներին մասնակցելուց: Ավելին, ասացին, որ «կհանեն» այդ ակումբից Պուտինին: Ի դեպ, Պուտինը երբեք այդքան խեղճացած ու «անքայլ» չի եղել. նա հիմա իր մաշկի վրա է զգում աշխարհի հզորների «թաթի» ողջ ծանրությունը` Ռուսաստանը, որպես գնդակ, այս կամ այն կողմ նետելու հարցում… ինչպես ինքն է վարվել մշտապես այլոց հետ:
Եվ հետո, հետախույզ-Պուտինի և յուր պետական կառույցների աշխատանքն ընդդեմ արևմտյան ամենակուլ քաղտեխնոլոգիաների ուղղակի սիրտ են շարժում իրենց պրիմիտիվությամբ: Արևմտյան հրեշի դեմ նա փորձում է պայքարել մարդկային հատկանիշներով նույնպես, ինչը սիրելի, սակայն աշխատող չէ. Սևաստոպոլի նավերի վրա հայրենասիրական երգեր են երգվում, խաչը բարձրացրած` քայլերթեր կազմակերպվում:
Դառնալով արևմտյան «ամենակերությանը», արձանագրենք, որ, որպես բուֆեր, թողնվել է Գերմանիան. վերջինս դեմ է Ռուսաստանի` G-8-ից «դուրսգրմանը», առայժմ չեզոքություն է պահպանում, որպեսզի ինքը, ըստ ամենայնի, կողմերի միջև բանակցային կամուրջ դառնա:
Չնայած պատմական փորձն այլ բան է ցույց տվել: Կոելյոն էլ ասել է` եթե մի բանը երկու անգամ եղել է, էլի կլինի: Առաջին ու Երկրորդ համաշխարհայինները սկսվել են Գերմանիայի ու Ռուսաստանի միջև:
Աստված մի արասցե` երրորդ «նման» բանը լինի: Եվ այնուհանդերձ, հասկանալի է, որ Պուտինի գերնպատակն ամենևին էլ Ղրիմը չէ, որպեսզի ինքն այնտեղ զորք մտցնի: Այնտեղ առանց մտցնելու էլ ռուսական զորքն է` Սևաստոպոլի տորմիղի «վրա»: ՌԴ Պետդումայի որոշումը ռուսական զորքի շարժը դեպի Կիև լեգիտիմացնելու համար է լոկ: Իսկ Արևմուտքը չի ցանկանում Պուտինին տալ «Կիևյան Ռուսիան», որովհետև անչափ շատ ու մեծ «ծախսեր» է արել Մայդանի վրա, ու անչափ երկար է այն նախապատրաստել, որպեսզի ՆԱՏՕ-ն Մերձբալթիկայից բերի դնի Ռուսաստանի պռնկին` աշխարհի ռեսուրսներն իրենով անելու համար:
ՈՒ հիմա պարտիան բաց է, սակայն խաղադրույքները դրված են: Ոչ ոք, նույնիսկ ամենակուլ Բժեզինսկին չի կարող ասել` ինչով այն կվերջանա. երբ վառոդի տակառը պայթելու վրա է, հաշվարկն անտեղի է:
ՈՒ հիմա այսքանից հետո արժե՞ ասել` ինչ ասաց 69-ամյա Տեր-Պետրոսյանը մարտիմեկյան միտինգում Մաքսային միության մասին, Ծառուկյանի մասին, Սերժ Սարգսյանի մասին ու ինչքան ճարտարաբար լռեց Ռոբերտ Քոչարյանի մասին:
Չարժե՛։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ